Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

ՀՄԳՄ նախագահի ամանորյա ուղերձը

Սիրելի  ընկերներ, գործընկերներ,

Գլորվեց ևս մեկ տարի։ Այն արձանագրվեց էլի ոչ մեր օգտին, քանզի կորուստներով էր լի ու այսօր էլ դեռևս ունի ճչուն ահազանգ ու ահաբեկ ոգի։ Չգիտեմ որտեղ կորավ մեր խաղաղության  երաշխիքը, որտեղ և ում վստահվեց հայի պատմության ղեկը, բայց մի բան պարզ է՝ մենք մեր դարավոր պատմության առաջ գլխիկոր մնացինք ու եղանք պարտապան տարեմուտներին՝ մեր պատմությունը վեհ կերտած արքայանուններին, նվիրյալներին, մեզ կյանքով հայրենիք ավանդած արծիվներին, որդեկորույս մայրերին ու որբացած փոքրիկներին․․․Եղավ անընդունելին... Մենք շրջեցինք Արցախի էջը` ծորացող արյունոտ մատներով և խելագարվելուց մազապուրծ դողդոջ շուրթերին մի մրմունջ անունով` Արցախ... Տոն է... Տոն՝ որ Հրաշքի խորհուրդ ունի, բայց օրեցօր միֆացնում է այն, քանի որ ոչ մի Երազանք այնքան համայն, Համաշխարհ աղերս չունի, որքան Խաղաղության աղոթքն է... Տարեմուտի տոնը այսօր էլ շատերը կապում են սեղանի ճռռացող ճոխության հետ ու երևի Տոնի մեջ տոնում իրենց ինքնաբավ "լիությունը", մինչդեռ այսօր տոնելու բան չկա՝ երբ կարոտները տաք են, վերքերը՝ ցավոտ, թաց աչքեր են նայում տոնածառի լույսերին ու սպասումներ կան որ մաշում են ժամերը, խաթարված ընտանիքներ կան, ովքեր Մենք ենք, որտեղ Երազող երեխաները ոչ թե Ձմեռ պապիկից նվեր են սպասում, այլ՝ ընտանիք, խաղաղ ու առանց վախի կյանք... Կիսված ընտանիքներ... Եկել եմ այնուամենայնիվ պարտքս կատարեմ՝ տարեմուտից առաջ ևս մեկ անգամ հայցելու Հրաշքե խաղաղությունը ու Հայի վաղվա օրվա լուսե տեսլականը։ Գալդ բարի՛ լինի, 2024 թվակա՛ն, Եթե պիտի գաս բեկումնային ելքով, եթե պիտի գաս ամոքող երգով, եթե ավարդ լի է տալիքով՝ արի՛... Արի ՛ ամեն հայի տուն, ամեն օջախ, Մտի՛ր հոգիներն ու բացիր սրտերը քեզ կոչված հրաշքով, որ մարդիկ ապրեն Նոր տարվա օրերը գալիքի հույսով։

Սիրելի ընկերներ, Թող Ամանորի մուտքին պահված բոլորիդ երազանքը, որ հարկավ "Խաղաղություն" է կոչվում, տիեզերքին ուժ տա աշխարհը փոխելու, մարդկանց զինելու ապրեցնող առաքելությամբ...

Միության անդամ մեր ընկերներին մաղթում եմ ստեղծագործական բեղուն տարի։ Վստահ եմ, համատեղ ուժերով մենք կկարողանանք նվաճել նոր հորիզոններ։


Նարինե Մակրտումյան

/Նարե Ականց/

ՀՄԳՄ վարչության նախագահ