Բարի գալուստ Հայաստանի մշակույթի գործիչների միության պաշտոնական էջ․․․

ՀՄԳՄ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը.

Սիրելի հայրենակիցներ` Հայաստան ի սփյուռս աշխարհի, սիրելի մտավորականներ, արվեստագետ և արվեստասեր բարեկամներ, այսօր հիշում ենք Հայ ժողովրդի պատմության ցավոտ ու չսպիացող, մարդկության  բանականության իբր քաղաքակիրթ ֆոնին ազգային ինքնության բնաջնջման նպատակով իրականացված գերոճիրը, որն աննախադեպ էր ու անընկալելի, դա 1915 թվականին միլիոնուկես հայության նկատմամբ իրականացված սպանդն ու աքսորն էր, Եղեռնը... ցեղասպանությունը... որը չէր կարող չդաջվել յուրաքանչյուր հայի անցյալի հուշակադրում ու  հոգում, վերջապես` գենետիկ հիշողության մեջ...
Եվ այո, անպատժելիությունը  չէր կարող իր հետևանքն ու դար գլորած մարդկությանը նոր չարիքների չբերել...
 Հիշում ու պահանջում ենք, դար ու տասնյակ, սակայն ինչ ենք փոխել...
Երթեր ու օրակարգ ենք նշում, ամենամյա տուրք, բայց միչև հիմա չենք հասկացել, որ պահանջատեր լինելը քիչ է, պետք է տեր լինել նույն պահանջից բխող թե անցյալին, թե ներկային թե մշուշապատ ապագային...
Այլևս երբե՜ք... բայց շարունակվում է ... այսօր, առավել քան երբևէ հայ ազգը միասնության կարիք ունի` վասն նահատակաց, վասն նորահաս ու վերահաս սերունդների...Այսօր, ապրիլքսանչորսյան այս օրը, որը հայի արյան կարմիրով է ներկված օրացույցում, ես հայրենասիրության ու հայրենատիրության, միասնության ու միաբանության կոչ եմ անում։ Սիրենք ու հարգենք մեզ ու միմյանց, մեր անցյալը և, իհարկե` ապագան...

Նարե Ականց
ՀՄԳՄ վարչության նախագահ