ՀՄԳՄ Շիրակի տարածքային բաժանմունք՝ Արթիկում
2025 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի մշակույթի գործիչների միություն» Հասարակական կազմակերպության Վարչության հերթական նիստը, որը նախագահում էր Միության նախագահ Նարինե Մակրտումյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից կարևորվեց Շիրակի մարզում Միության տարածքային բաժանմունք ստեղծելու որոշումը։
Հաշվի առնելով Շիրակի մարզի մշակութային հարուստ ժառանգությունն ու ստեղծագործական ներուժը՝ որոշում կայացվեց հիմնել Շիրակի տարածքային բաժանմունք՝ նստավայրը՝ Արթիկ քաղաք։ Այս քայլը նպատակ ունի ակտիվացնել մարզային մշակութային կյանքը, խթանել համագործակցությունն ու նոր նախաձեռնություններ:
Վարչության որոշմամբ՝ Շիրակի բաժանմունքի ղեկավար է նշանակվել Կազմակերպության անդամ, բանաստեղծ Արգամ Ժորայի Ափրիկյանը։ Նշվեց Ափրիկյանի փորձը, կազմակերպչական կարողությունները և Միության արժեքներին նվիրվածությունը։
Նորանշանակ բաժանմունքի ղեկավարին վերապահվել է նաև միջնորդ-երաշխավորի լիազորություն՝ Շիրակի մարզի ստեղծագործողներին Միության շարքերը ներգրավելու հարցում։
Այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կբացի մարզի մշակույթի գործիչների համար՝ համատեղ ստեղծագործական ծրագրերի, հանդիպումների ու համագործակցության միջոցով։
