ՀՄԳՄ նախագահի ուղերձը՝ դպրության օրվա առիթով
Հարգելի հայրենակիցներ, սիրելի մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ և կրթության գործի նվիրյալներ,
Գիտելիքի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի առիթով, Հայաստանի մշակույթի գործիչների միության անունից սրտանց շնորհավորում եմ բոլորին: Այս օրը խորհրդանշում է գիտելիքի լույսը, որը մաքրում է միտքը, կերտում նպատակային մարտահրավերներ և բացում նոր գաղափարների, աշխարհընկալումների ու մտահորիզոնների ուղեծրեր: Ինչպես ասել է Նելսոն Մանդելան. «Կրթությունը ամենահզոր զենքն է, որ դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»:
Հատկապես ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ մանկավարժներին, ովքեր իրենց նվիրվածությամբ և արվեստի ու կրթության նկատմամբ սիրով լուսավորում են մեր երիտասարդ սերնդի ճանապարհը: Ձեր աշխատանքը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է իրավագիտակից, մշակութապաշտ և բարոյական անհատներ, որոնք կդառնան մեր հասարակության հիմնասյուները:
Ինչպես նշել է Ռեյն Վիլսոնը՝ հասարակության վերելքի ճանապարհը կրթության միջոցով է: Գիտելիքը միակ լույսն է, որ ցրում է խավարամտությունն ու տգիտությունը՝ հեռու վանելով չարը և բացելով դռներ դեպի ավելի լավ ապագա: Որակյալ կրթությունը, ինչպես ասել է Ռոն Լուիսը, ապագա սերունդների համար ամենակարևոր ներդրումներից է, իսկ լավագույն կյանքի որակը կիրթ հասարակության նշաձողն է:
Այսօր, երբ Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և նույնիսկ ամենաանսպասելի վայրերում, ինչպիսիք են բանտերը, մեկնարկում են կրթական ծրագրեր, մենք վկայում ենք, որ գիտելիքի ճանապարհը սահմաններ չի ճանաչում: Թող այս օրը դառնա նոր սկիզբ՝ լի նպատակներով, երազանքներով և ձեռքբերումներով:
Կոչ եմ անում բոլորին՝ միասին աշխատելու հանուն կիրթ, մշակութապաշտ և առողջ հասարակության: Բարի երթ, բարի ընթացք և բեղուն ուսումնառություն:
Հարգանքով,
Նարե Ականց
Հայաստանի մշակույթի գործիչների միության նախագահ